Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կարեն Կարապետյան. Եթե տարեվերջին 830 մլն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք, չի նշանակում, որ թերացել ենք

Կարեն Կարապետյան. Եթե տարեվերջին 830 մլն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք, չի նշանակում, որ թերացել ենք
16.02.2017 | 11:33

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը և կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները: «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ և չհարմարվող լինելով»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա ներկայացրել է կառավարության աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում:


Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին: Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարությունը հավաքագրել և վերլուծել է ներդրումային ծրագրերը, որ ստացել է մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ «Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջև դնում ենք: ՈՒզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք ևս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետև տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն:

«Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և երբ եք դուք մեզ միանալու»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար»,- նշել է վարչապետը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ